ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1971 |
Տնօրեն | Ռուբեն Սաֆրաստյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24/4 շենք, 10-րդ հարկ |
Կայք | orient.sci.am |
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Միջին Արևելքի երկրների պատմության, տնտեսության, մշակույթի ուսումնասիրման կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպվել է 1971 թվականի հուլիսին՝ 1958 թվականից գործող արևելագիտության սեկտորի հիմքի վրա։ Արևելագիտության ինստիտուտի կազմում ըստ մասնագիտական ուղղությունների կա հինգ բաժին։ Թուրքագիտական բաժինը զբաղվում է Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի պատմության, տնտեսության, արտաքին և ներքին քաղաքականության, մասնավորապես ֆեոդալական կարգերի քայքայման ու կապիտալիզմի զարգացման օրինաչափություններով, ազգային քաղաքականության և տիրող գաղափարախոսության հարցերով։
Արևելագիտության ինստիտուտը սկսել է զբաղվել նաև կովկասագիտության և բյուզանդագիտության խնդիրներով։ Ինստիտուտի գիտական կոլեկտիվը մշակում է նաև այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են․ ազգային փոքրամասնությունների վիճակը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, Արևելքի երկրների հայ գաղութների պատմությունը և այլն։ Արևելագիտության ինստիտուտը գիտական կապեր ունի Գերմանիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, ինչպես նաև Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների արևելագիտական կենտրոնների ու գիտնականների հետ։
Արաբագիտական բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբագիտական բաժնի հիմնական խնդիրներն են՝ Արաբական Արևելքի երկրների ժամանակակից վիճակն ու քաղաքականությունը, ազգային-ազատագրական, հակաիմպերիալիստական պայքարի պատմությունը, սոցիալ-տնտեսական վերափոխումները, միջարաբական կապերը և արտաքին քաղաքականության հարցերը։ Իրանագիտական բաժինը զբաղվում է Իրանի պատմության ու տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներով, ինչպես և մշակույթի պատմությամբ, մասնավորապես նոր և նորագույն գրականության հարցերով։
Միջազգային հարաբերությունների բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժինն ուսումնասիրում է Միջին Արևելքում և Հարավային Կովկասում միջազգային ու տարածաշրջանային հարաբերությունները, մեծ տերությունների քաղաքականությունը, Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն, ինչպես նաև Հայաստանի միջպետական հարաբերությունները հարակից երկրների հետ։
Հին Արևելքի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Արևելքի բաժինը զբաղվում է Ուրարտու պետության, փոքրասիական երկրների, Միջագետքի հին շրջանի պատմության, լեզուների ու մշակույթի խնդիրներով։
Քրիստոնյա Արևելքի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնյա Արևելքի բաժինը ուսումնասիրում է արևելյան քրիստոնյա համայնքների, Վրաստանի միջնադարյան և նոր պատմության, հայ-վրացական և հայ-բյուզանդական հարաբերությունների, Աղվանքի պատմության, կովկասյան էթնոմշակութային աշխարհի, ինչպես նաև արևելյան եկեղեցիների և միջեկեղեցական հարաբերությունների զանազան հարցերի ուսումնասիրությունը։
Թուրքիայի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի բաժնի ուսումնասիրության կենտրոնում է Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի քաղաքական պատմությունը, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավական վիճակը, Հայկական հարցը և Հայոց ցեղասպանությունը, Մեծ տերությունների քաղաքականությունը, ժամանակակից Թուրքիայի զարգացման առանձնահատկությունները, օսմանիզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոօսմանիզմի և նեոպանթուրքիզմի հարցերը։
Իրանի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի բաժնում մշակվում են պատմության, ներքին և արտաքին քաղաքականության, ագրարային հարաբերությունների և իսլամական հեղափոխության արդիական խնդիրներին, ինչպես նաև պարսկական դասական և ժամանակակից գրականության տարաբնույթ հարցեր։
Արևելյան Ասիայի երկրների բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Ասիայի երկրների բաժնում ուսումնասիրվում են Չինաստանի, Ճապոնիայի արդի պատմության խնդիրները, արտաքին քաղաքական միտումները, այդ երկրների տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում, ինչպես նաև նշյալ երկրների վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։
Մատենաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ»
- «Մերձավոր Արևելք»
- «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ»
- «Արամազդ» (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ)
- «Արևելաասիական ուսումնասիրություններ»
- «Կովկաս և Բյուզանդիա»
- «Հին Արևելք»
- «Արևելյան աղբյուրագիտություն»
Գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, այդ թվում օսմաներեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով 60 000 անուն գիրք, արխիվային նյութեր։
Գրադարանի բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրապահոց
- Ընթերցասրահ
- Արաբական երկրնրի բաժին
- Արևելյան Ասիայի երկրների բաժին
- Քրիստոնյա Արևելքի բաժին
- Իրանի բաժին
- Թուրքիայի բաժին
- Հին Արևելքի բաժին
- Պատմություն
- Բաժիններ
- Գրադարան
- Լուսանկարներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանբեր Արևելագիտության ինստիտուտի(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 27)։ |